Ցանկացած երկիր ու ժողովուրդ, կենսունակ պետություն կառուցելու համար, պետք է ունենա, թեկուզև իր ուժին ու հզորությանը համապատասխան, բայց կոնկրետ պայմաններին ու հնարավորություններին չհակասող գաղափարախոսություն և դրա վրա հիմնված ինքնատիպ քաղաքակրթական նախագիծ:
Գաղափարախոսություններն էլ, տիրոջ հզորությունից կախված, լինում են աշխարհակալ, ինչ-որ չափով ինքնուրույն, հարմարվողական, ակամա կործանարար և այլն, քանի որ դա է ուժային բնույթի մրցակցային պայքարում գոյատևելու կենսափիլիսոփայությունը:
Ամեն մեկն էլ, մեծ, միջին չափերի, թե փոքր, որոնք գիտակցված կամ չգիտակցված ձևով ունեն կենսունակ գաղափարախոսություն, կարողանում են դրա հիման վրա ստեղծել մարդկանց ապրելու համար պիտանի պետականություն՝ համապատասխան հնարավորություններով:
Հիմա, ասվածի ֆոնին, եկեք միասին տեսնենք, թե վերջին 1000 տարվա ընթացքում, լինելով բավականին մեծ տարածք զբաղեցնող ժողովուրդ, արդյո՞ք որևէ անգամ ունեցել ենք պետություն սարքելու ուղղությամբ որևէ կենսունակին մոտ գաղափարախոսություն և դրա հիման վրա մշակված նախագիծ:
Ըստ որում, խոսքը բուն Հայաստանի մասին է, քանի որ Կիլիկյան Հայաստանի պայմանները որոշակիորեն ուրիշ էին և՛ միջավայրի, և՛ հավատի, և՛ նաև ծովային ու ավելի կենսունակ մտածողության տեր լինելու հետ կապված ու կարողանալով լեզու գտնել և՛ Կարակորումի, և՛ արևմտյան հոգեբանության, և՛ թուրքերի հետ:
Եթե փեշներիս քարը թափենք, ապա ստիպված ենք խոստովանել, որ հարաբերականորեն շատ թույլ լինելով, մեր ազատագրական որևէ շարժում չէր կարող հաջողություն ունենալ, ինչպես և եղավ:
Բացի դրանից, ինչքան էլ մեծ կենսական տարածք ես զբաղեցնում, ապա չես կարող որևէ հաջողություն ունենալ, եթե միավորվածություն, միաբանություն ու մտավոր կյանք չկա:
Նման պայմաններում սեփական ուժերով ստեղծված գաղափարների մասին խոսք անգամ լինել չի կարող:
Ուշ միջնադարում տարանցիկ միջազգային առևտրով հարստացած մեր առևտրականների մոտ հայկական պետականության մասին ծնված ցանկությունն էլ խնդիրքներով ուրիշների դուռը գնալուց այն կողմ չանցավ:
Այստեղ պետք է նշել, որ միշտ էլ մեծ հարստությունը ծնում է իշխելու ցանկություն, բայց մեր դեպքում դա բավարար դուրս չեկավ այն պարզ պատճառով, որ նման բանը ուրիշների ձեռքով չի արվում:
Ուրիշների ձեռքով առավելագույնը կարող է ստեղծվել Հայկական մարզ, այն էլ՝ ժամանակավոր, ինչպես Ռուսական կայսրությունում էր կամ էլ Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում:
Ըստ որում, վերջին 1000 տարում Խորհրդային Հայաստանից ավելի բարձր նվաճում մենք չենք ունեցել, եթե, իհարկե, նվաճում ասելով հասկանանք ժողովրդի վիճակը, ոչ թե մի բուռ վերնախավ ու իշխանություն կոչեցյալի:
Ականջդ կանչի Հովհաննես Թումանյան. «Ախպեր, թե էս անկախությունը պարան պետք է դառնա ինձ խեղդի...»:
Իսկ ինչ վերաբերում է անկախության շրջաններում մեր գաղափարախոսություններին ու դրանց հիման պետականաշինական նախագծերին, ապա այս հարցում մեզ դառը հիասթափություն է սպասում:
Չնայած, եթե ճիշտն ասենք, ապա գոյություն քարշ տալն էլ է հիմնված լինում որոշակի, բայց ողորմելի գաղափարախոսության վրա:
Այստեղ մեծ գաղտնիք չկա, պարզապես պետք է անկախությանը արժանի լինել:
Պավել Բարսեղյան